Ընդամենը մի քանի տարի առաջ Ալավերդի քաղաքը և շրջակա բնապատկերն ատոմային աղետի ենթարկված թախծոտ բնակավայրի տպավորություն էին թողնում: Հսկայական պղնձաձուլական կոմբինատը, որի շնորհիվ 18-րդ դարում կառուցվեց այս քաղաքը, տարածքը վերածել էր թունավոր թափոնների ճահճի, որն ամեն ինչ պատում էր ծխամշուշի ու մոխրի քողով: Եթե չլիներ մոտակա Սանահինի վանքը, քաղաքում չէր լինի որևէ հետաքրքիր կամ դիտարժան վայր: Բայց 2017 թվականից ի վեր, երբ գործարանը սնանկացման պատճառով դադարեցրեց գործունեությունը, բնական միջավայրն ասես արթնացավ քնից` մեզ հնարավորություն տալով քաղաքը տեսնել նոր լույսի ներքո: Չնայած տեղացիները համոզված են, որ Ալավերդիում հանքարդյունաբերությունից այն կողմ կյանք չկա, իրականում սա չճանաչված պատմական և ճարտարապետական գոհար է, որտեղ բազմաթիվ գրավիչ վայրեր կան խորհրդային քաղաքային զարգացմամբ, արդյունաբերացման գործընթացով և ճարտարագիտությամբ հետաքրքրվող հյուրերի համար:
Խորհրդային քաղաքակրթության ամենավառ մնացուկներից է քաղաքի երկաթգծի կայարանը: Երբեմնի կարևորագույն տրանսպորտային հանգույցը, որի շնորհիվ Ալավերդին կապվում էր Երևան, Թբիլիսի, Վանաձոր և Գյումրի քաղաքների հետ, այլևս չի սպասարկում մարդատար գնացքներն ու գործում է զուտ որպես բեռնատար շարասյուների ժամանակավոր կանգառ: Կայարանի շենքը, սակայն, մինչ օրս Ալավերդու փառահեղ օրերի լուռ վկան է, երբ քաղաքի արդյունաբերական հզորությունն արտացոլվում էր սոցիալական և մշակութային ենթակառուցվածքների և նոր թաղամասերի կտրուկ աճին ու ավելացմանը:
Վարդագույն տուֆից 1940-50-ականների շինությունը դրսից խորհրդահայ շրջանի նեոկլասիցիզմի օրինակ է` տիպիկ կամարաձև մուտքով, հիմնական ճակատամասի պատուհաններով: Ներսում, սակայն, մոտեցումն արմատապես այլ է: Լուսավոր նախասրահը շրջանակված է սյուներով` իոնական սյունագլուխներով, իսկ առաստաղը զարդարված է ճոխ դրվագազարդ ծեփակերտով: Ոճերի այս բախումն ու վիթխարի չափերը ստալինյան դարաշրջանի ճարտարապետության բնորոշ գծերից են, որը շեշտում էր հանրային շենքերի արտաքին շռայլությունը` քաղաքացիներին մշտապես հիշեցնելով կայսրության հզորության ու փառքի մասին:
Բայց ամենադիտարժան առանձնահատկությունն ու առանցքային այցեքարտը կայարանի սպասասրահը զարդարող որմնանկարների քառյակն է: Երկու պանելների վրա պատկերված են տեսարաններ «Անուշ» պոեմից և «Գիքորը» պատմվածքից` Լոռու մարզի լեգենդար գրող Հովհաննես Թումանյանի ամենանշանավոր ստեղծագործություններից, որոնք շատ վաղուց դարձել են հայկական հանրամատչելի մշակույթի անբաժան մաս:
Մյուս որմնանկարները ներկայացնում են հանքափորների ապստամբությունը բոլշևիկյան հեղափոխության ընթացքում և հպարտ կեցվածք ընդունած ձուլող բանվորի դիմանկարը, որի հետնապատկերում Ալավերդու գործարանի մասնաշենքերն ու անտառոտ սարերն են:
Այս պատկերաշարը, որը կյանքի է կոչվել հետպատերազմական շրջանի հայկական գեղանկարչությանը հատուկ հյութեղ հիմնական գույներով ու համարձակ ուրվագծերով, տարածաշրջանի ամբողջ հմայքը բյուրեղացնելու հանդուգն փորձ է: Հովվերգական, թեպետ և աղքատ անցյալի մասին պատմությունները դարձել են լեգենդների ու պոեմների նյութ, որոնք հետագայում փոխարինվելու էին հեղափոխական խանդավառությամբ և արդյունաբերական, կոմունիստական ներկայի առաջադիմական ու շարժիչ ուժով:
1960-ականների սկզբին ստեղծված ֆրեսկաների շարքը Ռուդոլֆ Խաչատրյանի (1937-2007) միակ հայտնի մոնումենտալ ստեղծագործությունն է` նկարչի, ով լայն ճանաչում ձեռք բերեց 1970-80-ականներին, խորհրդային արտիստների իր լայնամասշտաբ, հիպերռեալիստական նկարներով, այլաբանական կոմպոզիցիաներով և նատյուրմորտներով: Պետական պատվերով ստեղծված որմնանկարները պատկանում են Խաչատրյանի վաղ ստեղծագործական շրջանին, երբ նա դեռ չէր ձևավորել իր յուրօրինակ ոճն ու այնպիսի վարպետների ազդեցության տակ էր, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանն ու Մինաս Ավետիսյանը: Նրա վարպետորեն իրականացված որմնանկարները դասագրքային օրինակ են այն փոխակերպումների, որոնք տեղի ունեցան հետստալինյան շրջանի խորհրդային արվեստում, երբ սոցռեալիզմի գաղափարական պահանջներն իրենց տեղն էին զիջում ազգայնական գաղափարներին և նկարիչների` ազատ արտահայտվելու ձգտմանը:
Բուն երկաթգծի կայարանը կարելի է դիտարկել որպես խորհրդային մշակութային պրակտիկայի միկրոտիեզերք` ժամանակի մեքենա, որը մեզ տեղափոխում է մի դարաշրջան, երբ արվեստը մեծ ազդեցություն ուներ առօրյա կյանքի վրա և հզոր գաղափարական գործիք էր ավտորիտար պետության ձեռքին: