«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի առաքելությունն է նորարարությամբ զարգացնել գյուղական համայնքները՝ երեխաներին ու չափահասներին տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ, ՍՄԱՐԹ նախաձեռնություններ։ Հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 2004 թ․-ին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում, իսկ այսօր արդեն հիմնադրամի նորարարական ծրագրերն ու ենթակառուցվածքային նախագծերը Հայաստանի 6 մարզի 64 գյուղի 107000 բնակչի կյանք են փոխել։ Կատարված ներդրումների ընդհանուր գումարը 50 միլիոն ԱՄՆ դոլար է։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ԿԵՆՏՐՈՆ

Դեբեդի կիրճի սրտում՝ Դեբետ համայնքի հարևանությամբ է կառուցվել առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը։ Ավանի երկու հիմնական կառույցներն են ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն ու «Կոնցեպտ» հյուրանոցը։ Ավանն առաջիկայում համալրվելու է նաև համագումարների կենտրոնով և սպորտային համալիրով։ Ավանի օրգանական ազնվամորու այգին գործում է նաև որպես կրթական տարածք թե՛ դպրոցահասակների, թե՛ մեծահասակների համար։ Ավանն առանձնանում է իր բաց, ապագայամետ ճարտարապետական լուծումներով ու շրջակա բնության հետ ներդաշնակությամբ։

27 քաղաքային ու գյուղական համայնքներից ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն սովորելու են գալիս 1500 մանկահասակ ու դպրոցահասակ սաներ, մեծահասակներ։ ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգը ՔՈԱՖ-ի կողմից մշակված ոչ ֆորմալ կրթության ինքնատիպ մոդել է, որը խթանում է անհատի բազմակողմանի զարգացումը՝ փոխանցելով իմացական (ԳԼՈՒԽ), հուզական (ՍԻՐՏ) և գործառնական (ՁԵՌՔ) հմտություններ 18 տարբեր ծրագրերի միջոցով։ Խմբերը կազմված են տարբեր համայնքների բնակիչներից, ովքեր սովորում են ոչ միայն թիմային աշխատել, այլև միասին սովորել տարբեր կրթական ձևաչափերով՝ օրինակ, իրականացնելով այցեր ու նախագծեր:

ՔՈԱՖ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Կրթական կենտրոնին մոտ՝ Վանաձորը Վրաստանի սահմանին միացնող (Մ6) մայրուղու վրա, դեպի Դսեղ թեքվող խաչմերուկին գտնվում է ՔՈԱՖ-ի այցելուների կենտրոնը։ Այն տրամադրում է զբոսաշրջությանը վերաբերող տեղեկատվություն ինչպես հայաստանաբնակ հյուրերին, այնպես էլ օտարերկրացիներին։

Այստեղ կարող եք գտնել օգտակար քարտեզներ ու նյութեր, ինչպես նաև վերալիցքավորել ձեր հեռախոսներն ու էլեկտրոմոբիլները, գումար կանխիկացնել, տերմինալի միջոցով վճարում անել կամ թարմանալ մի գավաթ թարմ սուրճով։

Այցելուների կենտրոնում ճանապարհորդները նաև հնարավորություն ունեն վարձակալել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաներ՝ վրաններ, քնապարկեր, արշավային պարագաներ և նույնիսկ հեծանիվներ։ Վարձակալության համար հասանելի պարագաներին կարող եք ծանոթանալ մեր կայքի «ՎԱՐՁՈՒՅԹ» բաժնում։

«ԿՈՆՑԵՊՏ» ՀՅՈՒՐԱՆՈՑ

Հիմնադրամի կողմից ստեղծված «Կոնցեպտ» հյուրանոցն ուղղված է զբոսաշրջության և մարզի տնտեսական աճին է։ Շրջապատված կիրճով, անտառներով և հովվերգական բնության տեսարաններով՝ հյուրանոցն իր դռներն է բացել 2019 թ․-ի ամռանը ու կարճ ժամանակում դարձել ճանապարհորդների գլխավոր հանգրվաններից մեկը։

Հյուրանոցն ունի ստանդարտ ու պրեմիում տեսակի 12 հարմարավետ սենյակ։ Ճարտարապետական ոճն արդյունաբերական դիզայնի ոգով է, որը համադրում է բետոնի անմշակ կոպտությունն ու տաք լույսի էլեգանտ լուծումները։ Ինտերիերի մինիմալիզմը թույլ է տալիս լիարժեք հիանալ բնության շքեղ գույներով։

ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ

2022 թ․-ին նախատեսվում է կից գործարկել համագումարներերի կենտրոնը։ Այն նպատակ ունի դառնալ տեղական ու միջազգային կազմակերպությունների համաժողովների, մասնագիտական վերապատրաստումների մարզային կենտրոն, ինչը մեծապես կաշխուժացնի շրջակա համայնքների կյանքը։ Համաժողովների կենտրոնը բաղկացած կլինի 100-տեղանոց երկու սրահներից, որոնք կարող են օգտագործվել ինչպես միասին, այնպես էլ առանձին։ Հատուկ շարժական պատերը ճկունություն կապահովեն։ Ավելին, արդեն առկա սենյակներն էլ կարելի է վերածել 40-տեղանոցների։

Այս բոլոր բաժիններին շուտով ավելանելու է նաև ՍՄԱՐԹ-ի սպորտային համալիրը։ Այն խթանելու է առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորումը ՍՍԱՐԹ քաղաքացիների և հյուրանոցում հանգստացողների համար։ 2700 քառ․ մ տարածքով գերժամանակակից սպորտային համալիրը ներառելու է մարզական բազում հարմարություններ ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսում, օրինակ՝ լողավազան, մարզասրահ, թենիսի կորտ, հեծանվուղի և վազքուղի։

ՔՈԱՖ-ի նպատակը երեխաներին, երիտասարդներին ու նրանց ընտանիքներին հնարավորություններ տրամադրելն է՝ օգնելով, որ նրանք ցանկացած իրավիճակում լիովին դրսևորեն իրենց ներուժն ու «հասնեն աստղերին»։ Նախաձեռնությունը հավատում է, որ Հայաստանի բոլոր մանուկները, բացահայտելով ու կիրառելով իրենց ողջ ներուժը, ներդրում կունենան իրենց շրջապատող աշխարհի զարգացման մեջ։