Դսեղից մոտ երկու կիլոմետր հեռու՝ Մարցագետի կիրճի ձախ ափին՝ թավ անտառների սրտում է թաքնված հայկական միջնադարյան ճարտարապետության յուրօրինակ գանձերից մեկը՝ Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանքը։ Վանքը կառուցվել է 10-13-րդ դարերում ի պատիվ Գրիգոր Լուսավորչի։
Այժմ ավիրված այս հուշարձանը ժամանակին եղել է հոգևոր և կրթական մեծ կենտրոն հյուսիսային Հայաստանի տարածքում, որտեղ վանականները զբաղվում էին գիտական բուռն գործունեությամբ։ Պատմական վկայությունները հաղորդում են, որ վանքը երկար կյանք չի ունեցել․ նրա գործունեությունըը դադարել է մոնղոլական արշավանքներից հետո։
Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, որոնցից Սուրբ Աստվածածինը (1221) տպավորում է իր չափերով և նրբագեղ զարդարվեստով անգամ կիսավեր վիճակում։ Սրան կից է ավելի վաղ՝ 10-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցին իր գավթով։
Հակիրճ տեղեկություն
Ի՞նչ տեսնել մոտակայքում
Վանքի շուրջ պահպանվել են Մամիկոնյան տոհմի տապանատունը, ձիթհանի մնացորդները, բազմաթիվ խաչքարեր և մի փոքրիկ մատուռ, որի հետ տեղացիները մի ուշագրավ պատմություն են կապում։
Պատմում են, որ մի անգամ, երբ վանքը կառուցող վարպետների համար ճաշ էր եփվում, մի թունավոր օձ մտնում է այս կաթսայի մեջ։ Ագռավը, որը տեսնում է օձին, սկսում է թռչել կաթսայի վերևում՝ փորձելով զգուշացնել մարդկանց, բայց ոչ ոք չէր հասկանում ագռավի վարքագիծը։ Երբ ի վերջո բոլորը նստեցին սեղանի շուրջ ուտելու, ագռավն իրեն նետեց եռացող կաթսայի մեջ։ Մարդիկ դատարկեցին կաթսան և միայն հետո հասկացան, որ թռչունը փրկել է իրենց կյանքը։ Ի նշան երախտիքի, վարպետները թաղեցին ագռավին և մատուռ կառուցեցին այդ թմբի վրա։
Համալիր հնարավոր է հասնել հեշտ, գծանշված արահետով, որը սկսվում է Դսեղ գյուղի կենտրոնական հրապարակից։
